Մեր մասին

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին կից միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի ստեղծումը պայմանավորված է արդի Հայաստանում սոցիալական կարևորագույն խնդիրներից մեկի՝միգրացիայի հրատապությամբ:

Նշված երևույթը ժամանակակից լոկալ, տարածաշրջանային և գլոբալ զարգացումների անբաժան մասն է և լինելով հասարակական խորքային շարժերի արդյունք, ինքնին ներկայանում է որպես վերջիններիս ուղղակի կամ միջորդավորված գործոն: Այսօր դժվար է պատկերացնել որևէ երկիր, որն այս կամ այն ձևով ներառված չէ տարամակարդակ միգրացիոն ակտիվություններում և անմասն է դրա հետևանքներից: Այս առումով Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ վերջին տարիներից ներքաշվելով միգրացիոն համաշխարհային գործընթացներում՝  եզակի չէ: Ավելի քան քսան տարիների հետխորհրդային հայաստանյան միգրացիան ներկայանում է  իր որակական գրեթե բոլոր ձևերով` ներառելով էկոլոգիկան միգրանտներին, փախստականներին, ներքին տեղահանվածներին, անվերադարձ միգրանտերին, աշխատանքային կարճաժամկետ-սեզոնային և երկարաժամկետ միգրանտներին, առևտրային միգրանտներին, մաքոքային, սահմանային միգրանտներին, անկանոն միգրանտներին, թրաֆիկինգի մասնակիցներին, զոհերին, իմմիգրանտներին, ապաստան հայցողներին, հայրենադարձերին, կրկնակի միգրանտներին և այլն:

Միգրացիոն գործընթացներն իրենց երբեմն դրական, իսկ երկարաժամկետ հեռանկարում հիմնականում բացասական հետևանքներն ունեցան և շարունակում են ունենալ հայկական սոցիալական իրականության բոլոր մակարդակներում` առանձին քաղաքացու կենցաղից մինչև արտաքին քաղաքականություն: Այսպես, հետխորհրդային Հայաստանի միգրացիոն բացասական հետևանքներից է ՀՀ բնակչության վերարտադրողական ռեժիմի ձևախեղումը, տնտեսապես ակտիվ բնակչության կրիտիկական նվազումը, ամբողջ գյուղերի բնաթափումը, հասարակական կառուցվածքի անցանկալի այլափոխումը, որակավորված մասնագետների արտահոսքը, ինչը հետագայում կարող է բերել տնտեսական առանձին ոլորտների խորին կոլլապսի:

Ստեղծված ճգնաժամային պայմաններում միգրացիան ունեցավ նաև կարևորագույն դրական արդյունք, այն է` արտասահմանյան դրամական փոխանցումները, որոնք հնարավորություն տվեցին հազարավոր ընտանիքների հաղթահարել տնտեսական անկումը, վերականգնել, զրոյից հիմնել առանձին ենթակառուցվածքներ, սկիզբ դնել մի շարք տնտեսական հարաբերությունների:

Չնայած այն բանին, որ դեռևս 1990-ականների կեսերից մի շարք կազմակերպությունների կողմից բազմիցս իրականացվում են միգրացիայի տարբեր կողմերի, ընթացքների բացահայտմանն ուղղված հետազոտություններ, այնուամենայնիվ, այսօր թերևս ակհայտ է իրավիճակի կարգավորմանն ուղղված ակադեմիական աշխատանքների պակասը, միգրացիոն բազմակողմանի, համապարպակ պատկերի բացակայությունը: Այս իմաստով միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի հիմնումը և ապագա նպատակաուղղված գործառնումը  հնարավորություն կտա լրացնել վերը նշված, տարիներ շարունակ առկա բացը:

Կենտրոնի ստեղծումը համահունչ է միջազգային կոնվենցիաների, պայմանավորվածությունների, համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին, որոնց առանձին դրույթներ հենք են անկանոն միգրացիայի կարգավորմանն ու բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված ՀՀ միգրացիոն հայեցակարգի, միգրացիոն օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, պետական որոշուների համար:

Կենտրոնի ստեղծումն հենց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ վերջինս  միգրացիայի ուսումնասիրության բնագավառում ունի տասնյակ տարիների առաջնակարգ փորձ և մասնագիտացված գիտական ներուժ, ինչի վկայությունն են ֆակուլտետի մասնագետների կողմից միջազգային կառույցների, տեղական և արտասահմանյան դրամաշնորհների աջակցությամբ իրականացվող բազմաթիվ միգրացիոն  ուսումնասիրությունները, ծրագրերը, ֆակուլտետում շարունակաբար դասավանդնող առարկաներն ու ղեկավարվող հետազոտական թեմաները, ուսումնաարտադրական պրակտիկաները, ատենախոսությունները, արտասահմանյան և հայրենական պարբերականներում լույս տեսնող թեմատիկ հոդվածները, հաշվետվությունները, մասնակցությունները գիտական կոնֆերանսներին:

Հաշվի առնելով ասվածը` ավելացնենք, որ տեղական և տարածաշրջանային առաջնահերթ նշանակություն ունեցող կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները կլինեն.

  • տեղեկատվական On-line platform – ի ստեղծումը, ուղղված միգրացիայի բնագավառում գիտահետազոտական կենտրոնների և մասնագետների միջև արդյունավետ համագործակցության ապահովմանը և խթանմանը:
  • ՀՀ մասնագիտական հանրությանը, պետկան մարմիններին, կազմակերպություններին գիտական և հետազոտական գրականությամբ, արդիականացվող տվյալներով աշխարհում և տարածաշրջանում միգրացիոն գործընթացի վիճակի, այդ բնագավառում իրականացվող մասնագիտական գործունեության մասին տեղեկությունների տրամադրումը
  • Միգրացիոն իրավիճակի շարունակական մոնիթորինգի ապահովումը և կանխատեսումը
  • Գիտական խորին ուսումնասիրությունների նախաձեռնումն ու իրականացումը
  • Առաջատար արտասահմանյան կենտրոնների նորագույն գիտական, հետազոտական նվաճումների և փորձի հենվելով հայաստանյան միգրացիոն իրականության բազմակողմանի, հեռանկարային ուսումնասիրություններն իրականացնելուն ուղղված կիրառական գործիքակազմի ստեղծումը
  • Սեմինարների, կլոր սեղանների, քննարկումների կազմակերպումը
  • Թրեյնինգների, դասընթացների կազմակերպումը